Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադա

Մեր մասին

Ի՞ՆՉ Է ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Լեզվաբանության առաջին Օլիմպիադան միջառարկայական մրցույթ է բարձր դասարանների աշակերտների համար, որն առաջին անգամ անց է կացվել 1965թ-ին Մոսկվայում և ենթադրում էր լեզվաբանական հիմքով տրամաբանական խնդիրների լուծում: Մինչև 1982թ. այն կազմակերպվել է Մոսկվայի պետական համալսարանի հովանու ներքո: Այդ նույն տարիներին նմանատիպ մրցույթ էր անցկացվում Բուլղարիայում, որի կազմակերպիչներն էին Մաթեմատիկոսների բուլղարական միությունը և Կրթության նախարարությունը: Նույն կարգի մրցույթներ էին կազմակերպվում նաև ԱՄՆ-ում և Նիդերլանդներում: Այս իրարից անկախ մրցույթների միավորման արդյունքում էլ սկիզբ է առել Լեզվաբանության միջազագային օլիմպիադան, որն առաջին անգամ պաշտոնապես անց է կացվել 2003թ-ին, Բուլղարիայում:
Այսօր օլիմպիական այս շարժմանը մասնակցում է 41 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան, Չինաստանը, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իսրայելը և այլն: Նախկին ԽՍՀՄ երկրներից օլիմպիադային մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
Լեզվաբանության միջազգային Օլիմպիադան պաշտոնապես ընդգրկված է Միջազգային գիտական օլիմպիադաների ցանկում: (https://en.wikipedia.org/wiki/International_Science_Olympiad)

1. Հայաստանում Օլիմպիադայի կազմակերպման կարգը

1.1. Օլիմպիադայի անմիջական կազմակերպիչ են հանդիսանում Կազմկոմիտեն և ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետը:
1.2. Օլիմպիադայի նպատակն է բարձրացնել սովորողների հետաքրքրությունը լեզվաբանության ուսումնասիրության նկատմամբ և ստեղծել պայմաններ նրանց ինտելեկտուալ զարգացման համար:
1.3. Օլիմպիադան անց է կացվում երկու փուլով՝ հեռակա ընտրություն (հետագայում՝ ընտրական փուլ) և հիմնական փուլ:
1.4. Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին առաջարկվում է՝ լուծել լեզվաբանական մի քանի խնդիր: Խնդիրների օրինակները հասանելի են հետևյալ հղումով՝ http://www.ioling.org/problems/samples/: Թե ընտրական, թե հիմնական փուլում մասնակիցներին առաջարկվելու են նմանատիպ խնդիրներ:

2. Օլիմպիադային մասնակցության պայմանները

2.1. Օլիմպիադայի հիմնական հաշվարկում կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները: 8-9 րդ դասարանի աշակերտները կարող են մասնակցել մրցույթից դուրս: Կազմկոմիտեի որոշմամբ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, սակայն Օլիմպիադայի անցկացման պահին արտերկում գտնվող կամ արտերկրի դպրոցներում սովորող աշակերտներ:
2.2. Օլիմպիադային մասնակցությունն անվճար է և մասնակիցներից չի պահանջում լրացուցիչ լեզվաբանական գիտելիքներ կամ նախնական պատրաստվածություն:

3. Ընտրական փուլ

3.1. Ընտրական փուլն անց է կացվում մասնակիցներին լեզվաբանական խնդիրների ժանրին ծանոթացնելու և հիմնական փուլին հնարավոր արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու պոտենցիալ ոււնեցող աշակերտներին հայտնաբերելու նպատակով:
3.2. Ընտրական փուլը կանցկացվի հեռակա կարգով 2017թ. մարտի 11-ին:
3.3. Ընտրական փուլին մասնակցելու համար աշակերտը պետք է գրանցվի Օլիմպիադայի amlo.am կայքի “Մասնակցություն” բաժնում: Գրանցման ժամանակ անհրաժեշտ է նշել մասնակցի Անուն-Ազգանունը, բնակության վայրը, ուսումնական հաստատությունը, դասարանն ու էլեկտրոնային գործող հասցե:
3.4. Ընտրական փուլի առաջադրանքները հասանելի կլինեն գրանցված մասնակիցներին 2017թ. մարտի 11-ի ժ 10.00-ից: Առաջադրանքի կատարման համար տրամադրվում է 8 աստղաբաշխական ժամ: Պատրաստի աշխատանքները պետք է հետ ուղարկվեն կազմկոմիտեին մինչև 2017թ. մարտի 11-ի ժ. 18.00:

3.5. Ընտրական փուլի արդյունքում որոշվում են լավագույն ցուցանիշները գրանցած մասնակցիները: Արդյունքները հասանելի կլինեն Օլիմպիադայի կայքում 2017թ. մարտի 25-ից:

4. Հիմնական փուլ

4.1. Հիմնական փուլի մասնակցության իրավունք կստանան միայն այն մասնակիցները, որոնք կհավաքեն բավարար թվով անցողիկ միավորներ: 2017 թ. Օլիմպիադայի համար անցողիկ է համարվում ընդհանուր միավորների 70%-ը, այն է հնարավոր 100-ից 70 միավորը:
4.2. Օլիմպիադայի հիմնական փուլը կանցկացվի 2017թ. ապրիլին: Հիմնական փուլի անցկացման օրն ու ժամը կհաղորդվեն լրացուցիչ:.
4.3. Հիմնական փուլի անցկացման վայրը ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետն է: Կազմկոմիտեի համաձայնությամբ հիմնական փուլ կարող է կազմակերպվել նաև Երևանից դուրս գտնվող այլ բուհերում: Այդ մասին տեղեկությունները ժամանակին կտեղադրվեն Օլիմպիադայի կայքում:
4.4. Օլիմպիադայի հիմնական փուլում մասնակիցները կստանան լեզվաբանական 4 խնդրից բաղկացած առաջադրանք, որի լուծման համար նրանց կտրամադրվի 4 աստղաբաշխական ժամ:
4.5. Մասնակիցների աշխատանքները կծածկագրվեն:
4.6. Աշխատանքների ստուգումն իրականացնում է հատուկ ձևավորված ժյուրին: Յուրաքանչյուր խնդրի լուծումը ստուգում են ժյուրիի երկու անկախ մասնակիցներ: Վերջնական գնահատականը դրվում է երկու կարծիքները համաձայնեցնելուց հետո:

5. Արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը

5.1. Օլիմպիադայի հաղթող են ճանաչվում հիմնական փուլում առավելագույն միավորներ հավաքած մասնակցիները: Հավասար միավորներ հավաքելու դեպքում մասնակցիներն ստանում են նույնանման Դիպլոմներ:
5.2. Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվում են I, II և III աստիճանի Դիպլոմներով և հատուկ մրցանակներով:
5.3. Բարձր ցուցանիշներ գրանցած, բայց Դիպլոմների չարժանացած մասնակիցները, կպարգևատրվեն Կազմկոմիտեի շնորհակալագրերով:
5.4. Խնդիրներից որևէ մեկը ճիշտ և առավելագույնս ամբողջովին լուծած մասնակիցները կստանան հատուկ Պատվոգրեր:
5.5. Օլիմպիադայի արդյունքները կհրապարակվեն պաշտոնական կայքում և սոց.ցանցերի պրոֆիլային էջերում: